Վիետնամի Հաթին նահանգում բախումների զոհ է դարձել 21 մարդ, մոտ 100-ը տուժել են, հայտնում են տեղի բժիշկները:

Բախումները սկսվել էին մայիսի լույս 15-ի գիշերը, երբ մի քանի հարյուր ցուցարարներ գրոհով վերցրել էին Formosa Plastics Group գործարանը, որը պատկանում է թայվանական ձեռնարկությանը: Զոհերի թվում կա 5 վիետնամցի եւ, ենթադրաբար, 16 ՉԺՀ քաղաքացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Վիետնամի ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 500 ցուցարարի, որոնք մասնակցում էին Չինաստանի գործողությունների դեմ ուղղված բողոքին

Նախօրեի երեկոյան մոտ 20 հազար վիետնամցի բանվորներ ավերել էին արտասահմանյան 15 ձեռնարկություններ՝  ի նշան ՉԺՀ-ի կողմից Հարավչինական ծովում հորատման հարթակ տեղակայելու դեմ բողոքի:

Նշենք, ասիական երկու երկրների հակամարտությունը սկսվեց մայիսի 7-ից, երբ Վիետնամի ՌՕՈՒ-ն հակազդեցություն ցույց տվեց չինական նավերին, որոնք պատրաստվում էին Հարավչինական ծովի վիճահարույց կղզիների տարածքում հորատման աշտարակ տեղակայել: