Կոլումբացի մի ուսանող, ներկայացրած գյուտի օգնությամբ, Electrolux Design Lab հեղինակավոր մրցույթի եզրափակիչում է հայտնվել: Նրա «Լուսին» անունը կրող նախագիծն իրենից ընդամենը մի գունդ է ներկայացնում, որ լիովին կարող է լվացքի մեքենային փոխարինել:
Նախագծողի` Կոլումբիայի բոլիվիական պապական համալսարանի ուսանող Խուան Կամիլիո Ռեստրեպո Վիլյամիսարի խոսքով, գաղափարը կայանում է նրանում, որ ոչ թե հագուստն է պետք լվացքի մեքենայի մեջ դնել, այլ լվացքի մեքենան` հագուստի, Daily Mail-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը:
Ներկայացված մետաղական գնդի մեջ փոքր քանակությամբ ջուր է լցված, որի օգնությամբ սֆերան գոլորշու փոքր մասնիկներով եւ հաստատուն էլեկտրականությամբ լիցքավորված ամպ է ստեղծում ու այն առանձին անցքերով մակերես հանում: Աշխատանքի ընթացքում գունդը տեղաշարժվում է շորի մեջ եւ վիբրացիայի արտանետման միջոցով կեղտի մասնիկները բաժանում կտորից: Այնուհետեւ գնդի մակերեսը սկսում է որպես մագնիս գործել. հաստատուն հոսանքի լիցքը գոլորշով հագեցած կեղտի մասնիկները սֆերայի կենտրոն է մղում: Աշխատանքի վերջում «Լուսինը» տաքի օդի օգնությամբ հեռացնում է կտորի մնացորդային խոնավությունը:
Ուսանողի համոզմամբ, գունդը կարելի է սպիտակեղենով լի զամբյուղի մեջ դնել եւ հրաշալի արդյունք ստանալ:





























