Սինգապուրի 34-ամյա բնակչուհի Նորասլինդա Ասաթի հետ մայիսի 1-ին ահավոր դեպք է կատարվել: Իր տան առաջին հարկի զուգարանում բնական կարիքը հոգալիս նա ասես զուգարանակոնքի խորքերից եկող աղմուկ է լսել, այնուհետեւ խայթոցի ցավ է զգացել:
Ցնցված Նորասլինդան ցատկել է տեղից եւ տեսել, որ իր ազդրից կպած է 2 մետրանոց պիթոնը: Զարհուրած կինը փորձել է ազատվել, սակայն օձը ժանիքներն ամուր խրել էր նրա ոտքի մեջ: Ասաթը չի հանձնվել եւ ուժերը համախմբելով կարողացել է ոտքն ազատել օձի երախից:
Նորասլինդան դիմել է հիվանդանոց, որտեղ նրան հատուկ շիճուկ են ներարկել եւ ուղարկել տուն: Կինը հոգեբանական մեծ ցնցում է ապրել եւ սկսել է վախենալ տան զուգարանից օգտվելուց: Այժմ նա բացառապես հասարակական զուգարաններից է օգտվում, գրում է FederalPost-ը՝ վկայակոչելով The New Paper-ը:




























