Ամերիկացի առաջատար երկու քաղաքագետներ քառափուլ ծրագիր են առաջարկում, որը թույլ կտա անդունդի եզրից հեռացնել Ուկրաինան:
Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի տնօրեն Յուջին Ռումերը եւ հիմնադրամի փոխտնօրեն Էնդրյու Վայսն իրենց առաջարկը հրապարակել են Politico Magazine-ում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Քայլ առաջին. անհրաժեշտ է ընդունել, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակն արդեն ռուսական ինչ-որ թակարդի հետեւանք չէ, վիճակն ավելի բարդ է», – գրում են նրանք:
«Քայլ երկրորդ. Դադարեցնել իրենց իսկ համար փոս փորելը: ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է խոստովանեն, որ իրենց պատժամիջոցները չեն օգնում լուծել Ուկրաինայի խնդիրները կամ հեռացնել Ռուսաստանին», – շարունակում են հեղինակները:
«Քայլ երրորդ. Հանգամանորեն ուսումնասիրել մայիսի 25-ի ընտրությունները տեղափոխելու հնարավորությունը: Բարդ է ընդունել, որ ստեղծված իրավիճակում դրանք կարելի է անցկացնել այնպես, որ արդյունքները վստահություն ներշնչեն», – պնդում են նրանք:
«Քայլ չորրորդ. Բաց երկխոսույթուն հակամարտող բոլոր կողմերի հետ՝ հետագա քայլերի մասին, – գրում են Ռումերն ու Վայսը: – Այն, ինչն Ուկրաինային իրոք պետք է, աստիճանական գործընթացն է, որի շրջանակում ընտրությունները կտեղափոխվեն ավելի ուշ, երբ անցկացվեն Սահմանադրական բարեփոխումներ, խորհրդարանական ընտրություններ եւ ազգային հանրաքվե՝ Կիեւի եւ մարզերի լիազորությունները բաշխելու հարցով»:




























