Անհրաժեշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արեւելյան Եվրոպայում՝ ՈՒկրաինայում շարունակվող ճգնաժամի ֆոնին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արեւելյան սահմանային երկրներում, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»,-ասել է Տուսկը Բրատիսլավայում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Դաշինքի ենթակառուցվածքը եւ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում եւ Հունգարիայում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արեւելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի  ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: