ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն չի կարող Ուկրաինային օգնել սարքավորումների եւ հետախուզության հարցում: Նման հարցերը պետք է քննարկվեն դաշինքի անդամ երկրների հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:
«ՆԱՏՕ-ն սարքավորումներ չունի, չունի հետախուզական ծառայություններ: Այդ պատճառով էլ սարքավորումների, հետախուզական ծառայությունների մասին հարցը պետք է քննարկել երկկողմ հիմքով», - ասել է Ռասմուսենը՝ ելույթ ունենալով Բրիտասլավայի անվտանգության գիտաժողովին:
Նա հիշեցրել է, որ դաշինքը որոշել է ուժեղացնել գործընկերությունն Ուկրաինայի հետ «ռազմական բարեփոխման, Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման, փոխգործակցությունն ուժեղացնելու առումով՝ ներառյալ զորավարժություններին Ուկրաինայի մասնակցությունը»:
«Ես ենթադրում եմ, որ ապագայում մենք կարող ենք ավելին անել: Սակայն տարբերություն կա ՆԱՏՕ-ի անդամ լինելու եւ չլինելու մեջ: Ըստ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի՝ հավաքական պաշտպանությունը վերաբերում է միայն անդամ պետություններին», - նշել է գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ մարտին Ուկրաինան ՆԱՏՕ-ին էր ներկայացրել ռազմատեխնիկական սարքավորումների ցանկը, որի կարիքը երկիրը կարող էր ունենալ:




























