Չինաստանի եւ Վիետնամի միջեւ լարվածությունները մայիսի 15-ից հետո են առանձնակի սրվել, երբ հարյուրավոր հակաչինական ցուցարարներ Վիետնամի կենտրոնական շրջաններից մեկում գործող մետալուրգիական գործարանի տարածք էին ներխուժել:
Ցուցարարները Հարավ-չինական ծովում գտնվող Պարասելյան կղզիների վիճելի տարածքից չինական նավթարդյունահանման հենակետի հեռացում են պահանջում:
Համաձայն վերջին տվյալների, ընդհարումների արդյունքում առնվազն մեկ մարդ է մահացել եւ ավելի քան հարյուրը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Ինչպես չինական «Սինխուա» տեղեկատվական գործակալությունն է հաղորդում, ՉԺՀ-ի 10 քաղաքացիներ անհետ կորած են համարվում:
Չինական իշխանությունների համոզմամբ, Վիետնամը տեղի ունեցած միջադեպին պատշաճ ուշադրություն չի դարձնում: Երկրի իշխանությունները, ճիշտ է` դատապարտել են բռնությունները, բայց եւ հայտարարել են, որ չինական նավթարդյունահանման հենակետի դեմ խաղաղ ցույցերը միանգամայն օրինական բնույթ են կրում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մայիսի առաջին օրերին Վիետնամի ԱԳՆ-ից հայտարարություններ էին հնչել այն մասին, որ Հարավ-չինական ծովի վիճելի տարածքում նավթ արդյունահանելու ՉԺՀ-ի պլանները հակասում են միջազգային իրավունքին:




























