Ուկրաինան ոչ մմի դեպքում չի հայտարարել հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի  «Նռան գույնը» ֆիլմին եւ Կաննում դրա ցուցադրման գործում իր մասնակցության մասին, NEWS.am-ի թղթակցին ասել է Կաննի փառատոնում ուկրաինական տաղավարի ներկայացուցիչ Աննա Կորյագինան:

Նշենք, որ ըստ Ուկրաինայի լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են «Երիտասարդություն» կինոփառատոնի տնօրեն Անդրեյ Խալպախչիին,  Կաննի փառատոնում Ուկրաինայի ներկայացրած կինոնկարների շարքում ընդգրկված է նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից 1968 թ. նկարահանված Սերգեյ Փարաջանովի  «Նռան գույնը» ֆիլմը: 

Աննա Կորյագինան պարզաբանել է, որ այդ թյուրիմացությունները ուկրաինացի լրագրողների պատճառով են: «Մենք ոչ մի դեպքում չենք հայտարարել, որ «Նռան գույնը» ֆիլմը ներկայացվելու է Ուկրաինայի կողմից:  Մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցինք մեր ուրախությունը, որ Ուկրաինայում երկար տարիներ ապրած ռեժիսորի ֆիլմը ցուցադրվելու է Կաննում:  Մենք ոչ կերպ մտադրություն չենք ունեցել յուրացնել այդ իրավունքները: Մենք հիանալի գիտենք, որ ֆիլմը վերականգնվել է ԱՄՆ-ում», - ընդգծել է Կորյագինան:

Հիշեցնենք, Կաննի փառատոնում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը կներկայացվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Սկորսեզե հիմնադրամի կողմից, որի շնորհիվ կատարվում է ֆիլմի վերականգնումը:

«Նռան գույնը» Փարաջանովի կինոառակն է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին: