Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ:
«Ադրբեջանում Ֆրանսիացի լրագրողների գործունեության խոչընդոտումը եւ նյութերի բռնագրավումը մտահոգության տեղիք է տալիս: Այս երկրի կողմից մամուլի ազատությանը եւ մարդու իրավունքներին ուղղված հերթական հարվածի ականատեսն ենք դարձել», - գրել է քաղաքական գործիչն իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրող Լորան Ռիչարդը եւ նրա օպերատորը Բաքվի օդանավակայանում զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մեկնումից հետո լրագրողները որոշել էին երկու օր եւս մնալ մայրաքաղաքում եւ մի քանի ռեպորտաժ պատրաստել: Սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինների շուրջ 15 աշխատակիցներ բռնագրավել են նրանց գրառումներն ու սարքավորումները եւ բռնի արտաքսել երկրից: Լրագրողները պատրաստվում էի Ադրբեջանի եւ Ֆրանսիայի տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին ռեպորտաժներ պատրաստել:
Մայիսի 14-ին Ադրբեջանը Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահությունն է ստանձնել:




























