Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչների հերթական նիստի օրակարգում կառավարության ծրագիրն է լինելու, մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ, սակայն խնդիրը նրանում է, որ ժամանակի պակասի պատճառով դեռեւս չի հաջողվում նիստը գումարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե երբ է կայանալու խորհրդարանական քառյակի ներկայացուցիչաների հերթական նիստը, որն այս անգամ ՀԱԿ խմբակցության տարածքում պետք է կազմակերպվի:

Զուրաբյանի հիմնավորմամբ, կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում արտահերթ նիստեր են ընթանում, ինչի արդյունքում քառյակի ձեւաչափով խորհրդակցությունների անցկացման ժամանակ չի մնում: «Խնդիրը դրանում է: Գործնականում կառավարության անհասկանալի ճնշման ներքո խորհրդարանում աշխատանքի ամենօրյա գրաֆիկի ենք անցել, իսկ երկուշաբթի արդեն հերթական քառօրյան է սկսվում», - նշել է պատգամավորը:

Ի պատասխան ակնարկի, թե կառավարությունն իր ծրագիրը հենց երկուշաբթի օրն է ներկայացնելու, Զուրաբյանը նշել է, որ իրենք պետք է ժամանակ գտնեն եւ խորհրդարանական քառյակի նիստ գումարեն` այդ հարցի շուրջ դիրքորոշում կազմելու համար: «Չորս խորհրդարանական ուժերը երբեք բոլոր հարցերի շուրջ միացյալ դիրքորոշում ունենալու նպատակ չեն հետապնդել: Մենք դա միայն հնարավորության դեպքում ենք անում. երբ չի ստացվում` ողբերգություն էլ չենք սարքում», - հավելել է խորհրդարանականը: