«Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության մի քանի անդամներ այսօր՝ մայիսի 15-ին, «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ «Իրաքում ապրող եզդիների ցեղասպանության մասին բարձրաձայնելու նպատակով»։
«Եզդիների խնդիրներով մտահոգ անձանց թիվը բավական քիչ է, դրա համար այսօր մեր խնդիրները կարող են չլուծել, չնկատել, անտեսել: Եւ նույն Միացյալ Նահանգները կամ արեւմտյան այլ երկրները, իհարկե, կգերադասեն իրենց տնտեսական, նավթային շահը, քան թե մեր շահերը, երբ որ մենք ինքներս չենք գիտակցում մեր շահերը»,- բարձրախոսով ասաց «Սինջար եզդիների միավորում» հ/կ ղեկավար Բորիս Մուրազին:
Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջները նամակով հանձնելու են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, նաև Հայաստանում Իրաքի դեսպանությանը: Նրա խոսքով՝ իրենք նամակներ են ստանում Իրաքի իրենց համայնքից, որոնք խնդրում են իրենց օգնել պաշտպանելու իրենց տները, բնակավայրերը, եւ «փրկել իրենց ցեղասպանությունից»։
Նա նշեց, որ իրենք շարունակելու են պահանջագրեր ուղարկել միջազգային տարբեր կառույցներին այնքան, մինչեւ եզդիների խնդիրներին սկսեն պատշաճ ուշադրություն դարձնել։











