Բաքվի գործադիր իշխանությունը արգելել է ընդդիմադիր հանրահավաքի անցկացումը: Ինչպես «Մուսավաթ» կուսակցությանը կից երիտասարդական կազմակերպության նախագահ Ախլիման Աբբասին վկայակոչելով ԱՊԱ գործակալությունն է հաղորդում, Բաքվի իշխանությունները հրաժարվել են հանրահավաքի անցկացման համար տեղ հատկացնել:

Պատասխան նամակում նշվում է, որ ներկայացված հայտը հստակ տեղեկություն չի պարունակում, թե այն ստորագրած քաղաքացիներից որ մեկը որ քաղաքական կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը կամ միավորումն է ներկայացնում: Եվ դա կարող է հասարակական կարգուկանոնի պահպանության առումով խնդիրներ ստեղծել:

Հիշեցնենք` «Մուսավաթ» «Ադրբեջանի ազգային ճակատ», «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունների, «NIDA» քաղաքացիական շարժման, «Azad Gənclik» կազմակերպության եւ REAL շարժման անդամները Բաքվի գործադիր իշխանությանն էին դիմել` քաղաքի Յասամալի շրջանում գտնվող «Մեխսուլ» ստադիոնում «Ազատություն քաղբանտարկյալին» կարգախոսով հանրահավաքի անցկացում թույլատրելու խնդրանքով: