Պետք չէ ուսանողներին զրկել բանակում տարկետման իրավունքից, ավելի լավ է ծառայության ուղարկել հարուստների զավակներին: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ԱԺո-ւմ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ: Օրինագիծը նախատեսում է կրճատել զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունեցող ուսանողների թիվը:

«Ինչո՞ւ: Համեմատեք ուսանողների թիվը, որ ցանկանում են շարունակել ուսումը, եւ թե որքան կան հարուստների երեխաներ, որոնք չեն ծառայում: Իմ կարծիքով, գրեթե նույն թիվն է: Թող իրենք ծառայեն, եթե զինապարտների թիվը քիչ է»,- ընդգծել է Ֆարմանյանը:

Նրա խոսքով, սխալ է նաեւ ուսանողներին արտերկրում ուսանելու թույլտվություն տալ գրավի դիմաց: Նրանք, ովքեր չեն ցանկանում վերադառնալ, չեն վերադառնա, եւ 8,5 մլն դրամ գրավի կորուստն իրենց չի կանգնեցնի:

«ժամանակին ես ուսանողական թոշակների ծրագրով սովորելու մեկնեցի շվեդական Լունդ քաղաք: Այդ 8,5 մլն դրամը, եթե հարկ լիներ վճարել, չէր կարող վճարել ոչ միայն իմ ընտանիքը, այլեւ ողջ ազգուտակը: Ես գնացի առանց գրավի, եւ, ինչպես տեսնում եք, հետ եկա»,- ասել է Ֆարմանյանը: