Եվրամիությունը պետք է վերանայի Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքը: Նման կարծիք մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ եվրոպական առաջնորդները սխալ թույլ տվեցին, հայտարարելով այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անհամատեղելի է Եվրամիության երկրների հետ քաղաքական հարաբերությունների հետ: Այդ կերպ Բրյուսելը մերժեց Երեւանին Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վավերացման հարցում:

«Արեւմուտքը մտածելու տեղ ունի»,- նշել է Մանոյանը՝ հավելելով, որ ինչպես Ուկրաինայի վերաբերյալ հաշիվներում սխալվեց, այնպես էլ սխալվում է Հայաստանի հարցում:

Այս ենթատեքստում, Մանոյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան կարող ենք դրական քայլ համարել հայ-եվրոպական հարաբերությունների կարգավորման գործում:

«Թվում է, Օլանդն իր վրա է վերցրել Հայաստանի ու Եվրոպայի միջեւ համագործակցության նոր ձեւաչափի որոնման պատասխանատվությունը, ու եթե հաջողվի, ապա դա դրական ազդեցություն կունենա երկու կողմի համար»: