Մենք աշխատել ենք եւ աշխատելու ենք եւ Եվրամիության, եւ Մաքսային միության հետ: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը Եվրամիության հետ կապված:

«Սերժ Սարգսյանը միշտ ասել է, որ ինքը կողմ է եւ Եվրամիությանը, եւ Մաքսային միությանը, երկուսի հետ էլ մենք աշխատելու ենք հավասարապես, դա մենք միշտ հնչեցրել ենք եւ բազմաթիվ առիթներով հայտարարել ենք այդ մասին»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյայի հայտարարությանը, թե սահմանն անցնելու է Հայաստանի սահմանված տարածքով, ինչը նշանակում է, որ Արցախը դուրս է մնալու, վարչապետը պատասխանեց. «Մեկ տարածք ենք լինելու եւ այդ հարցում ուրիշ ձեւակերպում չի կարող լինել»:

Նշենք, որ մայիսի 13-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը, խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունններից, ասել էր. «Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը, թե ինչու է այդպես: Ես ուզում եմ, որ Հայաստանը լրիվ ասոցացված լինի ԵՄ-ի հետ, որովհետեւ դա բխում է Հայաստանի շահերից: Ես, իհարկե, չեմ ուզում, որ Հայաստանը տնտեսական կապերը խզի ՌԴ-ի հետ, ուստի ՀՀ-ի դիրքորոշումը պիտի քաջալերեմ ԵՄ-ի հետ հարաբերություններում, որ հասկանան, որ Հայաստանը յուրահատուկ պայմաններում է գտնվում»: