Վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ պայթած «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում շրջակա բնակավայրերի համար: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «SOS Արգիճի» նախաձեռնության ղեկավար Վարդան Գալստյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀԷկ-ի խողովակները պայթել են մայիսի 13-ին, ողողել գյուղի հողատարածքները եւ զգալի վնաս պատճառել ընկերությանը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով ՀԷԿ-ի տեխնիկան շրջվել է  ձորի կողմը:

«ՀԷԿ-ի գործունեության ընթացքում երրորդ անգամն է, որ պայթում է խողովակ, որը հեղեղում է Վերին Գետաշեն գյուղի հողատարածությունները: ՀԷԿ գործունեությունը վտանգ է իրենից ներկայացնում, քանի որ երբեք չի կարող կանխատեսվել, թե որտեղ կարող է պայթյունը տեղի ունենալ:Եթե բնակավայրի մոտ տեղի ունենա, ապա կարող է ջուրը լցվել տները, մարդկանց խեղդել: Ի՞նչ է սպասում եք, որ նման դեպքեր տեղի ունենան, որ կարողանաք արձագանքել» ,-ասաց Վարդան Գալստյանը:

Նրա խոսքով՝ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խնդիրն առաջացել է  2010թ.-ից, երբ փորձում էին Արգիճի գետի Գայլաձոր վտակն ուղղել հարեւան  մարզ, որպեսզի այնտեղ կառուցեն  ՀԷԿ:

«2010թ.-ին մեր պայքարով կարողացանք շինարարությունը կանգնեցնել, սակայն  2012թ.-ին ապօրինի ձեւով՝այսպես ասած քրեաօլիգարխիկ մի խումբ ամբողջ գետը լցրեց խողովակով  եւ կառուցեց ՀԷԿ, որն այժմ գործում է»,-ասաց Վարդան Գալստյանը:

Վարդան Գալստյանը նշեց, որ այս անգամ ոչ ոքի չեն բողոքել. «Արդեն այնքան ենք բողոքել, որ բողոքելու իմաստ չկա, կամ ու՞մ բողոքենք»:

Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ առաջին անգամ խողովակները պայթել են 2013թ. հուլիսի 18-ին, որի հետևանքով ջուրը  տարել էր կարտոֆիլի ողջ բերքը: Երկրորդ անգամ ` 2013թ. սեպտեմբերի 10-ին, որի հետեւանով ոչնչացել էր գարու ողջ բերքը: