Պաղեստինցիներն Աղետի օրը(Ան-Նաքբա) նշել են բողոքի ակցիաներով եւ ցույցերով Հորդանան գետի՝ պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող Արեւմտյան ափի տարածքում եւ Գազայի հատվածում: Նվազագույնը երկու պաղեստինցի սպանվել է իսրայելական զինվորականների հետ բախումների հետեւանքով «Օֆեր» բանտի մոտակայքում, որը գտնվում է Հորդանանի Արեւմտյան աձի Ռամալլահ քաղաքի հարեւանությամբ: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Արեւելյան Երուսաղեմում, հաղորդում է «Euronews»-ը:
Հիշեցնենք, որ 66 տարի առաջ հրեական պետության ստեղծումից օրեր անց արաբա-իսրայելական պատերազմը բռնկվեց: Կեսօրին Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում 66 վայրկյան տեւողությամբ սգո ազդանշաններ հնչեցվեցին:
Ցույցերն անց են կացվել նաեւ փախստականների բազմաթիվ ճամբարներում Լիբանանի, Սիրիայի եւ Հորդանանի տարածքներում:




























