Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ է ընտրվել Ալեքսանդր Բորոդայը: Համապատասխան որոշումը գերագույն խորհրդի երրորդ նստաշրջանին է ընդունվել, հաղորդում է RBK.ua-ն:
Առաջին փոխվարչապետ է նշանակվել Դոնեցկի աշխարհազորայինների առաջնորդներից մեկը` Անդրեյ Պուրգինը: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Իգոր Ստրելկովը, տնտեսական զարգացման նախարարն է Վլադիմիր Պոդգորնին, իսկ գերագույն խորհրդի նախագահն ու խոսնակը` Դենիս Պուշիլինը:
Այսօր ԴԺՀ-ի կայքում հրապարակվել է նաեւ հանրապետության սահմանադրության նախագիծը:
Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ հաղորդում են, որ Բորոդայը Ռուսաստանի քաղաքացի է: «Ուկրաինական ազգանուն ունեմ, բայց ծնվել եւ մեծացել եմ Մոսկվայում, Մոսկվայի Պետական Համալսարանն եմ ավարտել, հակամարտությունների, այդ թվում նաեւ` միջպետական, լուծման մասնագետ եմ: Աշխատել եմ մի քանի թեժ կետերում», - Բորոդայի խոսքերն է մեջբերել Segodnya.ua-ն:




























