Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է իր յուրաքանչյուր թիզ հողին անգամ պաշտպան կանգնել: Այս մասին Բուխարեստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

Ներկայումս դաշինքի` Ռումինիայում ընթացող ուսումնավարժանքները զուտ պաշտպանողական բնույթ են կրում: Այդուհանդերձ դրանք նաեւ «հնարավոր ագրեսորներին պարզ ազդանշան են ուղարկում այն մասին, որ ավելի լավ է` դաշնակիցներից որեւէ մեկի ուղղությամբ հարձակում իրականացնելու գաղափարը մտքից անգամ հանեն», ընդգծել է Ռասմուսսենը:

Գլխավոր քարտուղարի խոսքով, Ռումինիայի հարեւան Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի «գործընկեր» երկիր է հանդիսանում: Հրաշալի գործընկերային հարաբերություններ կան նաեւ Մոլդովայի հետ, չնայած այդ երկիրը, համաձայն իր սահմանադրության, զեզոքություն է պահպանում: Ռասմուսսենը գոհունակություն է հայտնել այդ երկրում վերջերս ընդունված որոշման առնչությամբ, համաձայն որի դաշինքի խաղաղարար առաքելության շրջանակում մոլդովական զինծառայողներ կմեկնեն Կոսովո:

Գլխավոր քարտուղարը դաշինքի անդամ-երկրներին կրկին անգամ պաշտպանական ծախսերը մեծացնելու կոչ է արել: Մինչ Ռուսաստանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 10 տոկոսով, դաշինքի երկրնում համապատասխան ցուցանիշի 40 տոկոսով նվազում է գրանցվել, Deutsche Welle – ի ռուսական ծառայության հաղորդմամբ, հիշեցրել է Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: