Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում օրերս կայացել է Հայաստան-Շվեյցարիա գործարար համաժողովը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Ցյուրիխում զեկույցներով եւ շնորհանդեսներով ներկայացրել են մեր երկրի բիզնես միջավայրը:
Կարեւորելով այդպիսի ձեւաչափով գործարար համաժողովի անցկացումը, մաքսային վիճակագրության, վերլուծության եւ ռիսկերի կառավարման վարչության պետ Արմեն Մելկիկյանն տեղեկացրել է, որ շվեյցարացի գործարարներին մասնավորապես հետաքրքրել է մեր երկրի հարկային, մաքսային օրենսդրության եւ վարչարարության նորույթները. «Միջոցառմանը հանգամանալից ներկայացրել ենք հարկային եւ մաքսային ոլորտներում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, օրենսդրության եւ վարչարարության առանձնահատկությունները, պարզաբանումներ ենք տվել նրանց հուզող խնդիրների շուրջ: Շատ հարցեր հենց տեղում լուծումներ են ստացել: Ընդհանուր առմամբ, համաժողովի արդյունքները բավականին գոհացուցիչ են, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նաեւ շվեյցարացի գործարարների պատվիրակության այց կազմակերպել Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է հարկային եւ մաքսային հարցերի հետ կապված համատեղ քննարկումներ կազմակերպել»:




























