Սամցխե-Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պայքարը ոչ խորհրդարանական կուսակցությունների «Ազատ Վրաստան» դաշինքի եւ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի միջեւ կծավալվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին հայտնել է Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Նա նկատել է, որ ընտրությունների` ազատ եւ թափանցիկ անցկացման պարագայում նշված քաղաքական ուժերի շանսերը 50-50 են գնահատվում: «Համենայն դեպս` առավելությունները չեն կարող նշանակալի լինել», - հստակեցրել է հասարակական գործիչը:
Նրա խոսքով, հայաբնակ Նինոծմինդա, Ախալքալաքի եւ Ցալկա բնակավայրերից, բնականաբար, հայ թեկնածուներ են առաջադրվել, եւ համամասնական ցուցակում էլ, հիմնականում, հայեր են: «Ջավախքում, ընդհանուր առմամբ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիան է հաղթում: Խորհրդարանական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, նույնպես մասնակցում է ընտրություններին, իսկ ահա Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում – միացյալ Վրաստան» կուսակցությունը առանձնակի ակտիվություն չի ցուցաբերում», - նշել է Արտակ Գաբրիելյանը:
Նա նշել է, որ Ախալքալաքիում 6 վրացաբնակ գյուղեր կան, որոնք կարող են պատգամավոր ներկայացնել: «Իհարկե` այստեղ որոշակի խտրականություն կա, քանի որ եւ 50 ընտրող ունեցող վրացաբնակ գյուղերը, եւ Ախալքալաքի քաղաքը, որ 5000 ընտրող ունի, կարող են մեկակական պատգամավոր ներկայացնել: Վրացիները ռեգիոնում բնակչության երեք տոկոսն են կազմում, սակայն տարածքային մարմնում` Ախալքալաքիի Սակրեբուլոյում, նրանց 30 տոկոս տեղ է հատկացված», - ամփոփել է նա:
Վրաստանի հերթական ՏԻՄ ընտրությունները հունիսի 15-ին են նշանակված:




























