Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է պատգամավորներին մինչեւ վաղը՝ մայիսի 17-ը, ժամը 12-ը գրավոր առաջարկներ ներկայացնել կառավարության ծրագրի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ական պատգամավորների ու կառավարության անդամների մասնակցությամբ կառավարության ծրագրի քննարկումից հետո հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Վաղը ժամը 12-ին պայմանավորվել ենք, որ ով առաջարկ ունի, գրավոր ներկայացնի կառավարությանը: Մնացածի մասին դեռ ժամանակ կունենաք խոսելու»,-ասել է նա:

«Կառավարության ծրագրի շեշտադրումը լինելու է տնտեսության զարգացման, աղքատության նվազեցման, արտագաղթի նվազեցման եւ նման գործեր, որոնք կարեւոր են եւ հաղթահարելի»,-ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հովիկ Աբրահամյանը շենքից դուրս եկավ ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի եւ Վարդան Այվազյանի ուղեկցությամբ: Նրանից հետո շենքից դուրս եկան մյուս նախարարները, պատգամավորներ, մարզպետներ:

ՀԱվելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խորհրդի անդամները, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներն ու կառավարության անդամներն այսօր` մայիսի 16-ին ժամը 19:00-ից հավաքվել են կուսակցության կենտրոնական գրասենյակում`քննարկելու կառավարության նոր ծրագիրը: