Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարեւանությամբ մայիսի 15-ին, տեղի ունեցավ դեպի եկեղեցին բերող կամրջի անվանատախտակի բացման արարողությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ասենի «Արմենիա» միության նախագահ Նիկոլայ Ռոմաշչուկի ջանքերի շնորհիվ Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարեւանությամբ գտնվող թիվ 293 կամուրջն Ամստերդամի քաղաքապետարանի որոշմամբ վերանվանվել է «Հայկական կամրջի»:
Հայկական պատմական ներկայությունը հոլանդական հողում հավաստող արարողությունը Տերունական աղոթքով բացեց Տեր Տարոն քահանա Թադեւոսյանը, որից հետո Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը եւ Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոբ Կատեն բացեցին վերանվանված կամրջի անվանատախտակը:
ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով Ամստերդամի քաղաքապետարանին` հայ համայնքի ցանկությանն ընդառաջելու եւ կամուրջն անվանափոխելու համար, պատվոգրեր եւ հուշանվերներ հանձնեց Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:





























