Կառավարության նոր ծրագիրը ավելի կոնկետացած է լինելու, ավելի արդյունքային ու նպատակային: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ական պատգամավորների ու կառավարության անդամների մասնակցությամբ կառավարության ծրագրի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Շեշտադրումները նույնն էին, ինչպես կային կառավարության նախորդ ծրագրում եւ դրա շարունակությունն ու լրացումն է նոր ծրագիրը: Կան նաեւ նոր գաղափարներ. կառավարության այս ծրագրում ավելի իջեցված է ագրեգացիայի աստիճանը, կոնկրետացումներ կան: Սա ավելի արդյունքային, ավելի նպատակային է լինելու»,-ասաց նա:
Հարցին, թե ինքը որպես նախարար ի՞նչ առաջարկներ է արել, Ճշմարիտյանը հրաժարվեց պատասխանեռլ, նշելով միայն, որ իր արած առաջարկներն այսօր քննարկվել են:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովիկ Սահակյանն էլ նշեց, որ այս ծրագիրը չի լինելու ինչ-որ բան ցույց տալու համար: «Ամեն ինչ իրատեսական է լինելու եւ սեւով սպիտակի վրա գրված է լինելու այն, ինչ կատարվելու է իրականում»,-ասաց նա:



























