Նոր վարչապետից ու նոր կառավարությունից առաջին հերթին ակնկալում ենք նոր ծրագիր եւ նոր մոտեցում. պետք է կարողանան ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին թույլ են տրվել մի շարք կոպիտ սխալներ, որի արդյունքում տնտեսությունը հայտնվել է կործանման եզրին: «Փոքր ու միջին բիզնեսն, ըստ էության ոչնչացված է, օտարերկրյա ներդրումներ չկան, ոչ ոք Հայաստանում չի ցանկանում ներդրումներ կատարել: Գյուղի բնակչությունը վարկերի տակ սնանկացած վիճակում է, շինարարություն չկա: Այս ամենի հետեւանքով մարդիկ տասնյակ հազարներով տուն-տեղ թողած գնում են Հայաստանից:

Սա նշանակում է, որ սխալ քաղաքականություն է իրականացվել, կեղծ թվերով եւ ցուցանիշներով խաբել են մեր ժողովրդին: Դժվար է նախանձել այս կառավարությանը, որին  դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա հնարավոր կլինի իրավիճակը շտկել»,-ասել է նա:

Անդրադառնալով վարչապետի Հովիկ Աբրահամյանի հետ իր խնամիական կապերի մասին հարցին, Ծառուկյանը նշել է. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն. տեսնենք ինչ  ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին: Տեսնենք ինչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա: Կան խնդիրներ, որոնք հնարավոր է 1-2 ամսում լուծել, տեսնենք կգնան դրան, թե ոչ: ԲՀԿ խմբակցությունը լինելու է շատ ակտիվ եւ չի հանդուրժելու ոչ մի բան, որը դեմ կլինի ժողովրդի շահերին: Իմ ամենամոտ բարեկամը ժողովուրդն է: Ես իմ սկզբունքները եւ արժանապատվությունը երբեք չեմ զիջելու:

Ես լինելու եմ վստահելի ու սկզբունքային իմ քաղաքական գործընկերների հանդեպ: Չի՞ փոխվի իրավիճակը, մարդկանց կյանքի չի՞ լավանա, ժողովրդի դժգոհությունը մեծ կլինի, ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք: Նոր կառավարությունը ձեւավորված է, չգիտեմ 100 օր տալ, 200 օր տալ, սա փորձաշրջան է, բայց փորձաշրջան է ոչ միայն կառավարության, այլեւ շատ-շատերի,  եթե կուզեք բոլորիս համար: Մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը»: