Ադրբեջանի կառավարությունը մերթընդմերթ Միացյալ Նահանգների համար անհասկանալի քայլեր է ձեռնարկում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է haqqin.az-ը:

«Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք վերջերս Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին: Հատկապես` ձերբակալություններին եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ կիրառվող ճնշումներին: Այս թեման մեզ համար միշտ էլ առաջնային է եղել: Եթե հիշում եք` մի քանի տարի առաջ Բաքու ժամանած այն ժամանակ` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միայն ժողովրդավար երկրների հետ են մտերիմ հարաբերություններ կառուցում»,- նկատել է դեսպանը, որի դիվանագիտական առաքելության ժամկետի սպառմանը երեք ամիս է մնացել:

«Ես փորձում եմ Ադրբեջանի կառավարության տրամաբանությունը ելակետ ընտրելով` նրանց դիրքորոշումը հասկանալ: Հիմնարկան փատարկն այն է, որ հարկադրված են նման քայլերի դիմում` հանուն երկրի կայունության: Ասում են, որ Ադրբեջանը խիստ վտանգավոր տարածաշրջանի մաս է կազմում: Դա, իհարկե, ճիշտ է: Եթե մի քանի ժամ հարավի ուղղությամբ ընթանաս` Իրանում կհայտնվես, հյուսիսի ուղղությամբ` Ռուսաստան: Բայց բուն հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումն այլ է: Մենք կարծում ենք, որ որքան ազատ լինի ադրբեջանական հասարակությունը, այնքան երկրի կայունությունն ավելի ապահով կդառնա: Իսկ դա թե հենց այդ հասարակության, եւ թե կառավարության շահերից է բխում: Սակայն վերջինս մերթընդմերթ անհասկանալի եւ ոչ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես` սեփական քաղաքացիներին կտտանքի ենթարկելով: Ամեն դեպքում, մենք Ադրբեջանի կառավարության հետ խոսելիս միշտ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցն ենք բարձրացրել եւ այսուհետ էլ բարձրացնելու ենք», - խոստացել է Մորնինգսթարը:

Ի պատասխան լրագրողի ակնարկի, որ լրագրող Փարվիզ Հաշիմլին ութ տարվա ազատազրկման է դատապարտվել այն նույն օրը, երբ Ադրբեջանը Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահությունը ստանձնեց, եւ դեռ հիմա էլ բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ շարունակում են իրենց ճակատագիրը որոշող վճռին սպասել, դեսպան Մորնինգսթարը ուսերն է թոթել. «Դե ի՞նչ կարող եմ ասել: Կարող եմ ընդամենը հույսեր տածել, որ իրադրությունը կուղղվի: Տեսնենք` ինչպես կստացվի: Պարզ է, որ խնդիրներ կան: Սակայն որոշ երկրներում իրադրությունը շատ ավելի վատ է: Հավատացեք` սա ամենավատ երկիրը չէ»:

Մեկնաբանելով հարցն այն մասին, որ Ադրբեջանի կառավարության գործողությունների թիրախում հենց «արեւմտամետների խումբն» է հայտնվել, Մորնինգսթարը նկատել է, որ կառավարությունն իր կառույցով միաձուլ եւ միատարր չէ. այնտեղ ուժեր կան, որոնք միտված են փչացնել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները եւ խնդիրներ ստեղծել արեւմտյան կազմակերպությունների աշխատանքի համար: Միեւնույն ժամանակ, այդ նույն կառավարության կազմում նաեւ «արեւմտամետների» մեծաթիվ խումբ կա: Դեսպանը դիվանագիտորեն խուսանավել է հարցից առ այն, թե արդյոք նա նախագահ Իլհամ Ալիեւին չի՞ բողոքել այդ մարդկանցից` միաժամանակ կտրականապես հերքերով լրագրողի պնդումները, թե նախագահը եւս Արեւմուտքին դեմ է տրամադրված: Մորնինգսթարը նշել է, որ արդեն 19 տարի է` ճանաչում է Ալիեին եւ կարող է ցանկացած թեմայի շուրջ անկեղծ զրույց վարել նրա հետ:

Դեսպանը հերքել է այն պնդումները, որ ԱՄՆ-ն զոհում է ժողովրդավարությունը՝ հանուն էներգետիկական հարցերի. «Դա այդպես չէ։ Մենք չենք պարաստվում Ադրբեջանից նավթ ու գազ գնել։ Մենք պարզապես ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ թուլացնել Ռուսաստանի մենաշնորհը», - ասել է նա։

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներին՝ Մորնինգսթարը նշել է, որ Ադրբեջանում կարող են կրկնվել Ուկրաինայի մայդանի դեպքերը. «Եթե կառավարությունը ավելի կոշտ գիծ կիրառի քաղաքացիական հասարակության նկատմամբ, ապա Մայդանի դեպքերը կարող են կրկնվել Բաքվում։ Եթե  քաղաքացիական հասարակության հնարավորություններն ավելի շատ սահմանափակվեն, դա կմեծացնի նման դեպքերի կրկնման վտանգը»։

Մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Ադրբեջանին 7  շրջան վերադարձնելու մասին՝ Մորնինգսթարը նշել է, որ նա ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է հնչեցրել։ Նա նաեւ նշել է, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության հարցի շուրջ վերջնական պայմանավորվածության հասնեն, դա կարող է Ռուսաստանին խանգարել երկու երկրների վրա ազդեցության լծակները բանեցնելու հարցում։

Այն հարցին, թե արդյոք ավելացել կամ նվազել է Ադրբեջանի անկախությունն ուկրաինական իրադարձություններից հետո, դեսպանը դժվարացավ պատասխանել՝ ընդ որում նշելով, որ Ադրբեջանը կրկին գնահատել է իր տարածք ներխուժման հնարավորությունները: «Ադրբեջանը դեռ չի բախվել ներխուժման հետ, սակայն հնարավոր է, որ ապագայում բախվի: Այս տեսակետից հետաքրքիր եմ համարում Վլադիմի Պուտինի անցյալ տարվա այցը Բաքու: Շատերն այդ այցը գնահատում են որպես աջակցություն Իլհամ Ալիեւին նախագահական ընտրություններում, սակայն հակված եմ համարել, որ դա Ադրբեջանի անկախության ճանաչումն էր ու կոչը համագործակցության: Չգիտեմ, թե Պուտինն ինչ մտադրություններ ունի, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ընդհանուր սահման ունենալ»,- եզրափակել է Մորնինգսթարը: