Աղետալի ֆինանսական վիճակում հայտնված չինացի մի ֆերմեր, որից գումար էր պահանջվում` վիրահատության համար, ստիպված ապակու օգնությամբ, անասելի ցավ ապրելով, անդամահատել է սեփական ոտքերը:
44-ամյա Լյու Դյունյեն ցրտահարության հետեւանքով փտախտի վարակ ձեռք բերած ստորին վերջույթները հեռացնելու համար պետք է 10 հազար յուան (մոտ 1600 ԱՄՆ դոլար վճարեր), The Beijing News-ին վկայակոչելով հաղորդում է South China Morning Post-ը:
Հաղորդվում է, որ ֆերմերը ոտաբոբիկ աշխատելու արդյունքում է ոտքերը ցրտահարել: Նա երկար ժամանակ բժշկի օգնության չի դիմել: Այդ ընթացքում վերջույթները սկսել են ուռչել, իսկ մաշկը` փտել: Երբ ստիպված արդեն տեղական կլինիկա է եկել, բժիշկներն ասել են, որ անհապաղ անդամահատություն է հարկավոր, որի հնարավորությունից նա զրկված էր` ապահովագրություն չունենալու պատճառով: Տղամարդը վիրահատությունն ինքնուրույն իրականացնելու վճռականությամբ լի տուն է վերադարձել: Արդյունքում Դյունյեն «վեց ժամ անասելի ցավ է ապրել», հաղորդում է Mignews.ru-ն:
Հարեւանները, լսելով պատահածի մասին, խղճացել եւ այս շաբաթ հիվանդանոց են բերել նրան` անհրաժեշտ բուժսպասարկման համար սեփական գրպանից գրեթե 3700 ԱՄՆ դոլար վճարելով: Դյունյեն վիրահատվել է եւ ներկայումս հակաբորբոքային բուժում է ստանում: Ակնկալվում է, որ երկու շաբաթվա ընթացքում նրան դուրս կգրեն հիվանդանոցից:
Բժշկական ապահովագրային պլանը, որի արժեքը տարեկան ընդամենը 11 դոլար է կազմում, կարող էր Դյունյեի վիրահատության հետ կապված ծախսերի մինչեւ 70 տոկոսը ծածկել: Սակայն ֆերմերը որոշել էր ձեռք չբերել ապահովագրական պոլիսը` այն միջոցների անիմաստ վատնում համարելով եւ չմտածելով, որ կարող էր երբեւէ դրա կարիքն ունենալ:




























