Լաոսի հյուսիս-արեւելյան Սիենկուանգ նահանգում այսօր` մայիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարին 17 մարդ է զոհ գնացել: Համաձայն տեղեկությունների, Ան-74 ինքնաթիռի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ընդամենը երեքն են փրկվել. նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել:
Զոհվածների թվում երկրի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Դոունգտյայ Փխիչիտն է, հանրային անվտանգության նախարարը, Վիենտյանի քաղաքապետը, ինչպես նաեւ տարբեր նախարարությունների աշխատակիցներ, կառավարության աշխատակազմի եւ իշխող ժողովրդա-հեղափոխական կուսակցության անդամներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
VIP ավիաչվերթներ իրականացնելու նպատակով վերջերս ձեռք բերված Ան-74-ի բարձրաստիճան ուղեւորները զինվորական շքերթի էին մեկնում: Այն պետք է այսօր` Սիենկուանգում անցկացվեր` Լաոսի ժողովրդական բանակի ստորաբաժանումներից մեկի ձեւավորման 55-ամյակի առթիվ:
Նախնական տվյալներով, ինքնաթիռը թեւերից մեկի` վայրէջքի գոտում գտնվող բարձրահասակ ծառի հետ հպման արդյունքում է վայր ընկել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը թռիչքուղուց 4 կմ հետավորության վրա է տեղի ունեցել:




























