Քաղաքացիական շարժումները Հայաստանում գնալով քաղաքականանալու են, որովհետեւ զգացին, որ հարցերի լուծման ճանապարհները միայն քաղաքական են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում չկան որոշումներ, որոնք քաղաքական չլինեն եւ քաղաքական որոշումների դեմ պայքարել միայն քաղաքացիական շարժումներով, չի ստացվելու, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ է քաղաքականացված:
«Եթե մեզ մոտ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը խնամիական է, պատկերացրեք, թե մնացած գործընթացներն ինչքան են քաղաքականացված: Նույն «Դեմ եմ» շարժումը հասկանում է, որ ՍԴ որոշումը իր օգտին է, բայց երբ ՍԴ-ն նման որոշում է կայացնում, հայտնվում է երկրի ղեկավարությունն իր տնտեսական գերանդիով եւ հայտարարում, որ չենք կարող բավարար գումար հավաքել՝ նորմալ թոշակ տալու համար: Ու ՍԴ-ին ասվում է այնպիսի որոշում կայացրու, որ ոչ մեզ վնաս լինի, ոչ՝ ձեզ»,-ընդգծեց Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած որոշում Հայաստանում գալու հանգելու է քաղաքական որոշման:
«Ոչ մի քաղաքացիական շարժում առանց քաղաքական ենթատեքստի, քաղաքական մոտեցումների չի կարողանալու հաջողության հասնել: Կամ էլ այնքան պետք է քաղաքացիական շարժումն ակտիվանա, այնքան հզորանա, որ իր մեջ սոցիալական բունտի սպառնալիք պարունակի, վտանգ առաջանա, որ այն կարող է քաղաքական համակարգին վնաս հասցնել: Այդ դեպքում միայն իշխանությունը կարող է որոշ չափով բավարարել քաղաքացիական շարժման պահանջները: Միայն եթե իր իշխանության վրա վտանգ զգա»,-ասաց «Նոր Ժամանակների» ղեկավարը:
Այդուհանդերձ, նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը վտանգը տեսնում է միայն քաղաքացիական շարժումների ու նորմալ քաղաքական ուժերի համագործակցության մեջ, երիտասարդության ակտիվացման մեջ ու ճիշտ է տեսնում:




























