«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորվել է ոչ թե երեք անձ, այլ հինգ, կրակոցները դիպել են այն մարդկանց, ովքեր առաջին կրակոցից հավաքվել են «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ականատեսները:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխել են փողոցի տարբեր մասերից: Ականատեսների պատմում են, որ կրակոցները դիպել են նաեւ հեռվում կանգնած մարդկանց: Վիրավորների մեջ կա երիտասարդ մի տղա, որն ըստ ականատեսների ուժեղ արնահոսում էր:
Ականատեսները պատմել են նաեւ, որ մեկ հոգի էլ BMW X 6-ով դիմել է փախուստի, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաներ, որոնք մեր տեղեկություններով պատկանում են ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո»):
NEWS.am-ի թղթակցին ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես երկու երիտասարդ կրակոցներից անմիջապես հետո նստել են սպիտակ գույնի ջիպ ու արագ հեռացել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:




























