«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով նախնական վարկածները ոստիկանությունը առաջիկա ժամերի ընթացքում կհայտնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Պատկերը մոտավորապես պարզ է, ոստիկանությունն այս պահին քննում է գործը, զրուցում ականատեսների հետ, սակայն հանցագործության պատկերը մոտավորապես պարզ է: Մի քանի ժամից նախնական վարկածները կներկայացնենք»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք ձերբակալված մարդ կա՝ Պողոսյանը պատասխանեց, որ ընդամենը մեկ-երկու ժամ է անցել եւ բնականաբար դեռ ձերբակալված մարդ չկա:

NEWS.am-ի դիտարկմանը, թե դեպքի վայրում հայտնաբերվել են մեքենաներ, որոնք պատկանում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին՝ «Յուվեցի Կարոյին»՝ Հայաստանի փոխոստիկանապետը նշեց, որ անկախ ամեն ինչից մեղավորները գտնվելու են եւ պատժվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածները պատահական անցորդներ են, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: