Ադրբեջանի իշխանությունները ԱՄՆ դեսպանին Բաքվի` Թեհրանի եւ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու փորձի մեջ են մեղադրել:

«Ցավոք սրտի, ԱՄՆ դեսպանն իր հայտարարություններով փորձում է ստվեր նետել Ադրբեջանի` Իրանի եւ Ռուսաստանի հետ ընկերական հարաբերությունների վրա, ինչն անընդունելի է», - haqqin.az-ին տված հարցազրույցին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյին տված հարցազրույցը:

Մամեդովի խոսքով, սա առաջին նմանատիպ դեպքը չէ, այդպիսի փորձեր նախկինում եւս եղել են: «Ցավոք սրտի, Արեւմուտքում քայքայիչ նպատակներ հետապնդող փորձեր հաճախակի են ձեռնարկվում», - ասել է նա:

«Ադրբեջանի` հարեւան երկրների հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում: Ի տարբերություն Միացյալ Նահանգների, այդ երկրները մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններին, բարձր են գնահատում դրանք եւ փորձում փոխադարձ կապերն ավելի խորը դարձնել», - նկատել է պաշտոնյան:

«Ռիչարդ Մորնինգսթարը հարցազրույց է տվել, իսկ ես` որպես պաշտոնյա, պատասխանում եմ նրան: Բայց համոզված եմ` Ադրբեջանում այլ կառույցներ էլ կան, որոնք կարող են իրենց դիրքորոշումը հայտնել դեսպանի հայտարարությունների առթիվ»,- ամփոփել է Նովրուզ Մամեդովը: