Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող ածխահանքահորում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվածների թիվը 301 է կազմել: Ինչպես երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն է այսօր լրագրողներին հայտնել, գետնի տակ այլեւս հանքագործների մարմիններ չեն մնացել:

«Ավելի վաղ հաջողվել էր վերջին երկու աշխատակիցների մարմինների տեղը որոշել: Ընդհանուր առմամբ 301 մարդ է մահացել, 485-ը փրկվել են: Առավոտյան բռնկված հրդեհը տեղայնացվել է», - նախարարի խոսքն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով, հրդեհը, պայթյունը եւ տեղային փլուզումները 150 մ խորության վրա տեղակայված էլեկտրական ենթակայանի աշխատանքի խափանման արդյունքն են: Այդուհանդերձ, հանքագործներն իրենք այդ վարկածն անհավանական են համարում` հայտարարելով, որ տրանսֆորմատորը բռնկումների մեկնարկի վայրից բավականաչափ հեռու է գտնվում: Միջադեպի քննությամբ դատախազությունն ու աշխատանքի նախարարությունն են զբաղվում. ձեւավորվել են փորձագիտական խմբեր, որոնք կփորձեն մայիսի 13-ին տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը վերականգնել: