Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը երկրի ներքին գործերին չմիջամտելու` Միացյալ Նահանգներին ուղղված կոչ է արել:
«ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն անընդունելի է Ադրբեջանի համար: Բացի այդ, այն Վիեննայի կոնվենցիայի խախտում է ենթադրում: Հայտարարության բուն տոնը ճիշտ չէ: Դեսպանը կարող է կարծիք հայտնել, բայց չի կարող սովորեցնել մեզ: Ադրբեջանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն քաղաքականություն է ուղղորդում: Մենք չենք կարող ԱՄՆ դեսպանի այդպիսի տոնը ընդունելի համարել», - haqqin.az-ին տված հարցազրույցին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյին տված հարցազրույցը:
Մասնավորապես մեկնաբանելով դեսպանի` Ադրբեջանում ուկրաինական իրադարձությունների կրկնման հնարավորության մասին տեսակետը, Մամեդովն ասել է. «Ուկրաինայի Մայդանը հենց Միացյալ Նահանգների ձեռքի գործն էր: Համաշխարհային մամուլը բազմիցս է այդ մասին հրապարակումներ արել: «Մոլոտովի կոկտեյլների» կիրառումն այդ երկրի ձեռագիրն է: Դա անընդունելի է»:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հարցազրույցին Ռիչարդ Մորնինգսթարն ասել էր, որ Ադրբեջանում ուկրաինական իրադարձությունների կրկնման հավանականություն կա:




























