Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունների գրանցման համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 16-ն էր: Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացված 14 հայտերից 10-ի թեկնածությունն արդեն ընդունել է եւ դեռեւս մի քանի օր ունի` մնացյալ 4 քաղաքացիների հայտերն ուսումնասիրելու եւ որոշում կայացնելու համար, հաղորդում է Georgia Online-ը:
Գրանցված թեկնածուների թվում են` ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախկին նախարար Դավիդ Նարմանիան` «Վրացական երազանք» կոալիցիայից, Նինո Բուրջանաձեի կոալիցիայի կողմից ներկայացված Դավիդ Լորտկիպանիձեն, «Նոր աջերի» եւ «Ազատ Վրաստանի» դաշինքի ներկայացուցիչ Կախա Կուկավան, Կանաչների կուսակցության առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեն, ով փետրվարին լքել էր Վրացական երազանքի խորհրդարանական մեծամասնության շարքերը եւ լեյբորիստ դերասանուհի Ասմաթ Տկաբլաձեն:
Դեռեւս չգրանցվածների շարքում է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նիկա Մելիան:
Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ձայների ավելի քան 50 տոկոսը հավաքի:




























