«Վերնիսաժի» մոտ, այսօր՝ մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցներից հետո վիրավորվածներից մեկը մտել է «Պորգրեստեխ Արմենիա» ընկերության շենք, որտեղից էլ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են դեպքի վայրում գտնվող քննիչները:

Նրանք նշել են, որ այդ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք բոլորը տեղափոխվել են ոստիկանություն. այդ տեսախցիկների տեսագրությունը կօգնի բացահայտել տեղի ունեցածը:

Դեպքի վայրում քննչական օպերատիվ գործողություններ կատարող ոստիկանության աշխատակիցները արյան փորձանմուշներ են վերցրել:

Այս պահին քննչական գործողություններ չեն կատարվում, տարածքը բոլոր կողմերից հսկում են ոստիկաններ:

Ի դեպ, իրավապահների փոխանցմամբ, «Պրոգրեստեխ Արմենիայի» ստորգետնյա կայանատեղիում ոստիկանները հսկում են սեւ գույնի «Ռենջ Ռովեր» մի մեքենա: Նրանք չնշեցին մեքենայի համարանիշը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am