Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի` Իսրայել կատարելիք այցի ընթացքում կաթոլիկ, հայ եւ հույն եկեղեցիների ներկայացուցիչները Երուսաղեմի Հիսուսի դամբարանի եկեղեցում միասին են աղոթելու: Այս մասին տեղեկություն է տարածել Սբ. Աթոռի տպագրության ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:

Տեղի ունենալիքը նա պատմական իրադարձություն է որակել, քանի որ հիշյալ հոգեւորականները միշտ առանձին են աղոթում, հաղորդում է Associated Press:

Մայիսի 24-26 Հռոմի Պապը Հորդանան, պաղեստինյան տարածքներ եւ Իսրայել կայցելի: Այցի պաշտոնական ծրագիրը 13 ելույթ եւ քարոզ է ներառում, հանդիպումներ` Հորդանանի, Իսրայելի եւ պաղեստինցիների առաջնորդների, ինչպես նաեւ պատրիարքների, մուֆթիների, ռավվինների եւ փախստականների հետ, ինչպես նաեւ խորհրդանշական այցելություններ` քրիստոնեական, մահմեդական եւ հուդայական սրբավայրեր: