ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացրել էին ավելի վաղ եւ այսօր՝ մայիսի 17-ին մինչեւ ժամը 12-ը ընկած ժամանակահատվածում նոր առաջարկներ այդ խմբակցության պատգամավորների կողմից չեն եղել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նշեց, որ իրենց ներկայացրած առաջարկությունների հիմքում ընկած է եղել Ծաղկաձորում ԲՀԿ տնտեսական համաժողովում ներկայացված առաջարկությունների դրույթները: «Դա այն տնտեսական փաթեթն է, որը քննարկվել Ծաղկաձորի կոնֆերանսի ժամանակ: Միքայել Մելքումյանը դրանք փոխանցել է կառավարությանը»,-ընդգծեց Զոհրաբյանը:
ՕԵԿ խմբակցությունից որեւէ մեկի հետ կապվել չհաջողվեց, իսկ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը ավելի վաղ հայտարարել էին, որ չեն ցանկանում այս կառավարության հետ որեւէ առնչություն ունենալ եւ առաջարկներ չեն ներկայացնելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է պատգամավորներին մինչեւ մայիսի 17-ը, ժամը 12-ը գրավոր առաջարկներ ներկայացնել կառավարության ծրագրի վերաբերյալ: Այս մասին նա ասել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ական պատգամավորների ու կառավարության անդամների մասնակցությամբ կառավարության ծրագրի քննարկումից հետո:
«Վաղը ժամը 12-ին պայմանավորվել ենք, որ ով առաջարկ ունի, գրավոր ներկայացնի կառավարությանը: Մնացածի մասին դեռ ժամանակ կունենաք խոսելու»,-ասել էր վարչապետը:




























