Մեր տարբերությունը, որը կա Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ, այն է, որ Բրազիլիան իր հարեւանների հետ արդեն 150 տարի ապրում է խաղաղության մեջ, ինչը կցանկանար նաեւ Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Բրազիլիայի միջեւ ընդհանուր շատ բան կա. Օրինակ սպորտը, ընդ որում ոչ միայն ֆուտբոլը: «Ես կցանկանայի, որ Բրազիլիայում մենք ունենային նույնքան շախմատիստներ, որքան դուք: Ներկայումս մենք շախմատում շատ սպորտի վարպետներ ունենք, եւ չպետք է զարմանալ, եթե նրանցից երկուսն ունենան հայկական անուններ»,-նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ հայ եւ բրազիլացի ժողովուրդներին միավորում է նաեւ երաժշտությունը, պարերը, կրոնական զգացմունքները:

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ կցանկանայի Հայաստանին, առաջինը, որ մտքիս է գալիս, խաղաղությունն է, որպեսզի դուք ձեր հարեւանների հետ խաղաղության մեջ ապրեք: Իհարկե, գիտեմ, հեշտ չէ, սակայն մենք պետք է միշտ ցանկանանք սա»,- ընդգծել է դեսպանը:

Այս ենթատեքստում անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղի են, եւ այդ բանակցություններին պետք է նպաստեն բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել: Կարծում եմ, այդ կերպ հնարավոր կլինի խաղաղության հասնել»: