Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բարձրացնել արեւելյան մարզերի տնտեսական ինքնուրույնությունը, հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Խարկովում ազգային միասնության կլոր սեղանի ժամանակ:
«Միգուցե հարկավոր է մտածել ու որոշակի տնտեսական փորձ անցկացնել Ուկրաինայի առանձին հատվածներում: Օրինակ, տնտեսաական փորձեր անցկացնել Դոնեցկու եւ Լուգանսկում»,- նշել է նա:
Այս կապակցությամբ նա առաջարկել է մարզերի ներկայացուցիչներին համապատասխան հաշվարկներ կատարել: Յացենյուկի խոսքով՝ Կիեւը կգնա նման քայլի, եթե դրան պատրաստ լինեն արեւելյան մարզերը, որոնց կառաջարկեն «տնտեսական ինքնուրույնության բարձր մակարդակ»: Յացենյուկը խորհուրդ է տվել լավ մտածել նախքան նման քայլի դիմելը, քանի որ մարզերը պետական բյուջեից են ֆինանսավորվում, նշում է ՈւՆՆ-ը:
Վարչապետը նաեւ ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում ռուսերենն ու ազգային փոքրամասնությունների լեզուները կարող են հատուկ կարգավիճակ ստանալ:
Բացի այդ նա հայտարարել է, որ «Ուկրաինան ցանկանում են մասնատել, ոչ թե ֆեդերալիզացիայի ենթարկել, այլ ֆեոդալացնել». «Կար միայն Յանուկովիչ, այժմ ցանկանում են, որպեսզի մարզերում «27 յանուկովիչ լինի»:
Խարկովում մայիսի 17-ին տեղի է ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ երկրորդ կլոր սեղանը: Մասնակցել են Կիեւի իշխանության, ընդդիմության ու մարզերի ներկայացուցիչներ: Նմանատիպ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 14-ին գերագույն Ռադայում, մյուսը տեղի կունենա մայիսի 21-ին Չերկասիում:



























