Երեւանի Վարդանանց փողոցում, այսօր՝ մայիսի 17-ին, կատարված դեպքի բոլոր մասնակիցների անձերը հայտնի են, կատարվում են օպերատիվ հետախուզական եւ քննչական անհրաժեշտ միջոացառումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը քննության մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am