Քիչ առաջ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եկավ թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ այցելելու Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձանց:

Նա բարձրացավ վերակենդանացման բաժանմունք, որտեղ գտնվում են հիվանդները, եղավ ընդունարանում: Նախարարին ուղեկցում է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

«Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, որը որովայնի վնասվածք է ստացել: Մնացածի վիճակը միջին ծանրության է: Հիվանդանոցը կարողացել է արագ արձագանքել եւ համապատասխան բուժօգնություն ցույց տալ միանգամից 5 հիվանդների: Ներկա պահին բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո: Կազմակերպված են բոլոր համապատասխան բժշկական միջոցառումները: Խիստ հսկողություն է սահմանվել կապված իրավիճակի հետ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախարարը՝ հավելելով, որ պետք չէ բացառել, որ հնարավոր են բարդություններ հիվանդների առողջական վիճակի հետ կապված, բայց ինքը հույս ունի, որ մինչ առավոտ բոլորի վիճակը կկարգավորվի:

NEWS.am -ի դիտարկմանը, թե լուրեր կան, որ հիվանդների թիվը 6-ն է, նախարարը պատասխանեց, որ այս պահին իրենց հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 5 քաղաքացի:

Ինչ վերաբերում է նրան, որ կրակոցներին մասնակից է եղել նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան, առողջապահության նախարարն արձագանքեց. «Այս հարցերով խնդրում եմ դիմել իրավապահ մարմիններին եւ նրանց, որոնք իրազեկված են այդ հարցից: Ես կարող եմ գնահատել միայն հիվանդների առողջական վիճակը եւ խոսել հիվանդանոցի ծառայությունների որակի մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

NEWS.am-ի տեղեկություններով, կրակողը եղել է հենց «Յուվեցի Կարոյի» փեսան:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am