Մենք շարունակում ենք աշխատել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ այս ընթացքում մենք՝ համանախագահներով աշխատում ենք միասին եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի առանձնանալու խնդիր չկա: Այս մասին «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հարցին, թե ուկրաինական իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդե՞լ այս պրոցեսի վրա, նա պատասխանել է. «Երեւում է, որ ամբողջ տարածաշրջանը շարունակում է անկայուն մնալ, մենք ուզում ենք տարածաշրջանը ազատ, միասնական ու խաղաղ տեսնել, եւ ոչ միայն Ուկրաինան, այլեւ Հարավային Կովկասը, իսկ դա կարեւորում է մեր համատեղ աշխատելու անհրաժեշտությունը, որ կարողանանք լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչպես ասել եմ՝ ստատուս քվոն անընդունելի է, իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Մենք ուզում ենք բարեկեցության նոր դարաշրջան տեսնել տարածաշրջանի համար, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի դրան»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը իրեն մեղադրել է հայամետության մեջ, Ուորլիքը նշել է. «Անշուշտ ես ադրբեջանամետ կամ հայամետ չեմ, ես խաղաղամետ եմ, սա գեղեցկության մրցույթ չէ: Հասկանում եմ որ կլինեն մարդիկ, ովքեր ինչ էլ ասեմ, կքննադատեն իմ ասածը, բայց կարեւորը այն է, որ ես խաղաղության նպատակ եմ հետապնդում: Իսկ նրանք, ովքեր քննադատում են՝ ես նրանց էլ եմ դիմում ՝եկեք աշխատենք միասին, մենք նույն նպատակն ունենք: Քարնեգի հիմնադրամում իմ ելույթը ներկայացրեց Ամերիկայի քաղաքականությունը, դա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հնչեցված ինչ-որ բանի պատասխան արձագանք չէր, դա ներկայացնում էր ամերիկյան քաղաքականությունը, թե ինչպես կարելի է տեւական լուծում ապահովել, եւ կետերը, որոնք ներկայացրի, բոլորը հայտնի էին, որոշ ժամանակ անց անհրաժեշտ էր վերստին վերադառնալ, ուշադրության կենտրոնում պահել դրանք եւ քայլեր ձեռնարկել , որոնք անհրաժեշտ են խաղաղության ապահովման համար»:




























