Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորված հինգ քաղաքացիների վիճակը կայունացել է եւ համապատասխանում է նրանց տարած վիրահատություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

«Ամեն ինչ նորմալ է, նրանց վիճակը համապատասխանում է իրենց տարած վիրահատություններին: Բոլորի վիճակն էլ կայուն է, բարդություններ չկան»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ինչպես է 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանի վիճակը, Կարեն Սահակյանը պատասխանեց, որ գիշերը լավ է անցել, ոչ մի բարդություն չկա:

Նշենք, որ մեր տեղեկություններով Մյասնիկ Հայրապետյանի վիճակը երեկ գիշեր դեռ ծանր էր եւ չէր կայունանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ԱկանատեսներըNEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

«Վերնիսաժի» մոտ կրակողը եղել է «Յուվեցի Կարոյի» փեսան 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am