Վրաստանի իշխանությունները կաշխատեն առավել արագ Ռազմա-վրացական ճանապարհին Դարյալի կիրճում փլուզման հետեւանքները հաղթահարելու համար:
«Ստեղծվել է հատուկ շտաբ, որի աշխատանքները համակարգում է արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի վարչության խորհուրդը: Մենք կանենք ամեն ինչ առավելագույնս արագ այդ խնդիրները լուծելու համար: Այս փուլում այլ տեղեկություններ չկան: Պարբերաբար մենք ձեզ տեղեկություններ կհաղորդենք: Տեղում մի քանի նախարարներ են գտնվում»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանում Դարյալի կիրճում փլուզում է տեղի ունեցել. Թերեք գետն էլ լցվել միլիոն խորանարդ մետր հողային զանգված՝ ծածկելով Վերին Լարս անցակետի մոտ գտնվող բեռնատարները: Այս պահին փակ է Ռազմա-վրացական ճանապարհը, դադարեցվել է Վրաստանի տարածքով Հայաստանի գազի մատակարարումը:
Նախնական տվյալներով զոհվել է Թուրքիայի երեք քաղաքացի, որոնք աշխատում էին ՀԷԿ-ի շինարարությունում: Փլատակների տակ են երեք բեռնատարներ: Բացի այդ, ենթադրվում է, որ թունելում են շարունակում գտնվել մարդիկ:
Փրկարարական աշխատանքների շնորհիվ մոտ 170 մարդու հաջողվել է փրկել, 5-ը համարվում են անհետ կորած:




























