Նավը, որն ուղղվել է Վիետնամ այնտեղից ՉԺՀ քաղաքացիների տարհանման համար, մեկնել է մայիսի 18-ի առավոտյան չինական Խայնան նավահանգստից: Նրան կհաջորդեն եւս 4 նավ:

Երկու չինացի սպանվել, 16-ը լուրջ վնասվածքներ են ստացել վերջին օրերին Վիետնամում բռնկված անկարգությունների հետեւանքով: Առիթ է ծառայել Պեկինի որոշումը ծովային հորատող հարթակ տեղադրել Հարավչինական ծովում գտնվող վիճահարույց Պարասելյան կղզիներում:

Կղիզները Չինաստանի վերահսկողության տակ են անցել 1970-ական թթ. հակամարտությունից հետո: Վիետնամը դրանք իրենն է համարում:

Չինական իշխանությունները Վիետնամից արդեն տարհանել են ավելի քան 3000 համերկրացու: Վիրավորները բուժում են անցնում չինական հիվանդանոցներում, հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը: