Ուկրաինայի Ազգային գվարդիայի զորքերը սկսել են Կրամատորսկի օդանավակայանից շարժվել դեպի պետական գործադիր կոմիտեի շենք, տեղի են ունենում բախումներ:

« Ազգային գվարդիայի զորքերը սկսել են օդանավակայանից շարժվել դեպի քաղաքային գործադիր կոմիտեի շենք: Ընթանում են մարտեր»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կրամատորսկի աշխարհազորի համակարգողին:

Նրա խոսքով՝ կոմիտեի շենքի մոտ դիրքավորված անձինքն չեն մասնակցում ռազմական գործողություններին:

«Հնչում էին ազդանշաններ, քաղաքում տագնապ է»,- նշել է նա:

Բացի այդ, Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմորյովի մամուլի քարտուղար Ստելա Խորոշեւայի խոսքով՝ ուկրաինացի 10 զինծառայող ցանկանում էր անցնել աշխարհազորի կողմը, սակայն Ազգային գվարդիան նրանց գնդակահարել է:

«10 հոգի ցանկանում էր մեր կողմն անցնել, սակայն ուկրաինական գվարդիան, հենց իրենք պետերը գնդակահարեցին նրանց»,- նշել է Խորոշեւան:

Մամուլի քարտուղարը նշել է, որ տվյալներ չունի ազգային գվարդիայի կողմից զոհերի մասին:

Գիշերը տեղի բնակիչները հաղորդում էին Սլավյանսկի մոտակայքում աշխարհազորայինների եւ Ազգային գվարդիայի միջեւ մարտերի մասին: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սլավյանսկում Ազգային գվարդիայի ճամբարի վրա հարձակման հետեւանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր»: