«Ոչ Պուտինիզմին», «Ազատ անկախ Հայաստան», «Հայ՝ եվրոպացի» պաստառներով այսօր՝ մայիսի 18-ին, մի խումբ քաղաքացիներ արժանապատվության երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ իրենց դժգոհությունը հայտնելու «Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման եւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հակաժողովրդավարական հայտարարության» դեմ: Երթի մասնակիցները նաեւ պահանջում են persona non grata հայտարարել Վոլինկինին: Նախաձեռնությունը նախապես հայտարարել է, որ այս ակցիայով սատարում է նույն օրը Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի կողմից մի շարք խոշոր քաղաքներում «պուտինիզմի դեմ» անցկացվող բողոքի ակցիաներին։ (ֆոտոռեպորտաժ)
Ակցիային մասնակցում են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, լրագրող Գայանե Առուստամյանը:
«Վոլինկինը Հայաստանում տարածում է Ռուսաստանի ֆաշիստակա բարքերը, հետեւաբար պետք է պերսոնա նոն-գրատա ճանաչվի եւ հեռանա երկրից»,- երթի ընթացքում հայտարարեց Գայանե Առուստամյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներն այս պահին կանգնած են Զաքյան-Գրիգոր Լուսավորի փողոցների խաչմերուկում: Ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս նույնիսկ մտնել Գրիգոր Լուսավորիչ փողոց, որտեղ գտնվում է դեսպանատունը:
Մինչեւ դեսպանատուն հասնելը նույնպես պարբերաբար լարված իրավիճակ էր ստեղծվում, երթի մասնակիցները փորձում էին քայլել՝ փակելով ամբողջ փողոցը, իսկ ոստիկանները նրանց ուժով դուրս էին բերում:
Հիշեցնենք, որ Վոլինկինը հայտարարել էր, թե «հարկավոր է չեզոքացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























