Ռուսաստանի կողմից սպառնալիքների դեպքում ՆԱՏՕ-ն սովորական սպառազինությունների օգնությամբ չի կարողանա պաշտպանել Էստոնիային, Լատվիային եւ Լիտվային: Այդ մասին նշվում է գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթում հրապարակված նյութում:

«Ռուսաստանի ներուժը, ինչպես նաեւ լուրջ ռազմական գործողություններ սկսելու նրա մտադրություններն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում եվրաատլանտյան միջավայրի անվտանգության եւ կայունության համար»,- պարբերականը մեջբերում է ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրավորման կոմիտեի փաստաթղթի նախագիծը, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ին:

Այնուհետ տեքստում նշվում է, որ «Ռուսաստանը կարող է կարճ ժամանակում եւ ցանկացած վայրում տեղական կամ տարածաշրջանային մասշտաբի ռազմական սպառնալիք ստեղծել»: Իր հերթին Հյուսիսատլատյան դաշինքը կրճատել է պայքարի վարման իր հնարավորությունները «Եվրոպայիում մեծամասշտաբ լարված կոնֆլիկտներում՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ», նշվում է «Der Spiegel»-ի մեջբերած փաստաթղթում: Ընդ որում շաբաթաթերթը վկայակոչում է «ՆԱՏՕ-ում եւ Գերմանիայի կառավարությունում առկա տեղյակ աղբյուրներին»: