Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին մեղադրել է ներքին քաղաքականությանը միջամտելու համար:
«Ադրբեջանն անընդունելի է համարում ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերը: Ադրբեջանը երբեւէ որեւէ երկրի ներքին գործերին չի միջամտել եւ նույնն ակնկալում է այլ երկրներից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության պետ Էլման Աբդուլաեւը:
Ըստ նրա` պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունները պետք է հիմնվեն իրավահավասարության սկզբունքի վրա: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդպիսի քաղաքականացված հայտարարությունները եւ ադրբեջանական անկախ դատարանների գործունեությանը միջամտելը հարված են հասցնում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին», - ասել է նա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ԱՄՆ-ի դեսպանին մեղադրել է նաեւ Վիեննայի կոնվենցիան խախտելու մեջ: «Ըստ Վիեննայի կոնվենցիայի` դիվանագիտական աշխատողների հիմնական խնդիրը պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունները զարգացնելն ու ամրապնդելն է: Ինքնուրույն պետության ներքին գործերին միջամտելու փորձերը բարեկամական հարաբերություններին վնաս են հասցնում», - ասել է Էլման Աբդուլաեւը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանի կողմից քննադատության առարկա էր դարձել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրեղ վիճակը: Լրագրողների եւ ընդդիմության նկատմամբ ճնշումները, ինչպես նաեւ Հայաստանի հետ «ժողովրդական դիվանագիտության» մասնակիցների հետապնդումը մնում է ուշադրության կենտրոնում:




























